ՀԱՄԱԽՏԱՆԻՇ
Ասելիքս ուզում եմ սկսել միանգամից, առանց դեսուդեն ընկնելու, առանց ակնարկի ու տողատակի։ Ինձ չի թվում` որևէ մեկին զարմացրած կլինեմ` ասելով, որ օտարամոլությունը մեզանում համազգային ախտանիշ է։ Իրականում դա ես չեմ ասում, և ոչ ոք չի ասում։ Այն, սերտաճած մեր էությանը, ինքն է իր մասին ճչում։ Իսկ համար մեկ թիրախն այս արատի, իհարկե, լեզուն է, որի ապականումը հաստատապես ուղղորդվում է «վերին ոլորտներից»։ Ողջ աշխարհին հայերենը ներկայանում է ոսկեղենիկ լեզու, իսկ մենք, կարծես, մեր լեզվի ձեռքն ենք կրակն ընկել։ Ոչ մի կերպ չենք ստանձնում հայոց լեզուն աղբից մաքրելու գործը։ Հայրենական հեռուստառադիոեթերում հաճախադեպ են դարձել գովազդային տեքստերի այլալեզու ընթերցումները. հասարակական սպասարկման օբյեկտների անուններն ընտրվում են ի պատիվ, ասենք, Ավստրալիայի որևէ արվարձանամերձ նոսր ջունգլիներում բնակվող կիսաաբորիգեն ցեղապետերից մեկի։ Օտար բանասիրություն սերտած տասը հայից առնվազն հինգը լեզվի իր բիզնես-դուքանն է բացում` գովազդելով ռուսերենը, անգլերենն ու ֆրանսերենը, պարսկերենը, թուրքերենն ու սերբերենը, նույնիսկ խորվաթերենն ու ինգուշերենը, բայց ոչ երբեք` հայերենը։ Ասենք, հայերենն ի՞նչ մի բիզնես անելու լեզու է, որ, սովորողն ո՞վ է։ Ի դեպ, այս նշված և հարյուրավոր չնշված լեզուներից դոմինանտն անգլերենն է։ Պատահակա՞ն համարենք սա։ Որքան 4-5-րդ դարերում պարսկերենի և հունարենի, 18-19-րդ դարերում թուրքերենի և պարսկերենի, 20-րդ դարում ռուսերենի գերիշխանությունն էր պատահական, այնքան էլ 21-րդ դարում պատահական է անգլերենինը։ Թող այսօրինակ պատահականություններին հավատացողներն ավարտեն վիետնամերենի սերտումն ու տենդով անգլերեն ուսումնասիրեն։
Մինչ մենք ջայլամային կեցվածքով ստորադասում, տրորում, անտեսում և անարգում ենք մեր լեզուն, փոխարենը Հայաստան են գալիս պատանի ամերիկացիներ, տիրապետում մեր լեզվին և հենց մեր լեզվով ու «բարեկամական» հուզիչ տոնով, ստիպելու պես հրավիրում են իրենց «export» լեզվի դուքանները, որպեսզի մեզ իրենց «import», այն է` ֆիրմա լեզուն սովորեցնեն։ ՈՒշադրություն. առանց բիզնես անելու, անվճար։ Եթե սա էլ է պատահական, ուրեմն` ծափահարություններ, հանճարեղ է։ Իսկ ովքե՞ր են այդ պատանի «հայապաշտ», մեր ինտելեկտի «մոդեռնիզացիայով» մտահոգ ամերիկացիները։ Համոզված եմ` փողոցում շատերն են հանդիպել սեպտեմբերմեկյան հագուկապով, սեփական պապից այն կողմ ոչ մեկին չհիշող ու չճանաչող, բավականին գեղեցկատես ու կիրթ, բացառապես արական սեռի երիտասարդների (նրանց շարքերում ամերիկահայեր էլ կան), որոնց վերնաշապկի գրպանին սևով սպիտակի վրա գրված է` «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի» կամ այլ կերպ ասած` մորմոններ։ Պատահակա՞ն է։ Իսկ երբ նրանց հարցնում ես ազգային պատկանելության մասին, պատասխանում են` ամերիկացի ենք։ Փորձում ես վերաձևակերպել հարցդ` բացատրելով, որ «ամերիկացին», ինչպես «իտալացին», «ֆրանսիացին», «ուրուգվայցին» ոչինչ չեն ասում ազգության մասին, այլ լոկ` քաղաքացիության, առավելագույնը` բնակության կամ ծննդյան վայրի, սակայն «տապարով շինված բութ դեմքերով», ընդսմին մաքուր, գրական հայերենով պատասխանում են` մեր պապերը ծնվել են Ամերիկայում, և մենք ամերիկացիներ ենք։ Հաջորդ հարցին, թե ի՞նչ նպատակով են Հայաստանում և ինչո՞ւ են ծառայում հայերին (դեռ պարզ չէ` ով ում և ինչպես է ծառայում), հեզահամբույր լկտիությամբ պատասխանում են. «Որ օգնենք ճշմարիտ հավատքով ապրել և հնարավորինս յուրացնել անգլերենը»։ Լսելով նրանց գերազանց հայերենը, ուրախության փոխարեն խորին դառնություն ես ապրում, քանի որ հասկանում ես` եկել են մեր Սրբազան սրով մեր տանը մեզ գլխատելու։ Այս եղկելի «պատահականություններից» ընկճված` միայն մեկ հարց է մնում. իսկապես, ո՞րոնք են մեր մայրենի լեզուն ու կրոնը։
...«Ազգի պահողն էլ լեզուն ա ու հավատը... Տասը լեզու սովորեցեք, ձեր լեզուն, ձեր հավատը ղայիմ բռնեցեք»։ Իսկ ո՞վ և ե՞րբ պետք է հետևություններ անի մեր հանճարեղ «Ողբացողի» պատգամներից։
Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ